Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են. Հրանտ Մելիք-Շահնազարյանն ահազանգում է (լուսանկարներ)
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որում նշում է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք այս պահին ոչնչացման վտանգի տակ են: Նա կցել է հուշարձանների լուսանկարները և գրել, որ այդտեղ շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ուշադրություն.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան։ Ժայռապատկերներն այստեղ են տեղափոխվել Սյունիքի մարզի Սիսիանի շրջ. Ուղտասար վայրից: Կարծում եմ՝ ավելորդ է ասելու, թե պատմամշակութային ինչ արժեք ունեն այդ հուշարձանները մեզ և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Հիմա ուշադրություն՝ ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են։ Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները։
Ուզում եմ շատ հստակ արտահայտվել՝ էլի ոչինչ, որ քաղաքի հերթական այգում հերթական շինարարությունն է ընթանում։ Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես մեղմ ասած շատ թերահավատ եմ։ Բայց ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ։ Պարտադիր»։
















