Մասնակցելու եմ քննչական գործողություններին, եթե լինի հանցանք, ինչպես ասում են՝ գողը պետք է նստի բանտում. Հովհաննես Շահինյան (տեսանյութ)

17:56 • 21.02.20

Այո՛, իմ բնակարանում կատարվել է խուզարկություն, կար դատարանի որոշում խուզարկության համար և շատ նորմալ մուտք են բնակարան, հանգիստ անցել է  ամեն ինչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը՝ անդրադառնալով իր բնակարանի խուզարկությանը:

Նա ասաց, որ իր համար պարզ չէր, թե ինչ էր հետաքրքրում քննիչներին: «Պարզ չէր, այլապես, գուցե ինքս կարողանայի օգտակար լինել, համագործակցել քննչական խմբի հետ, արձանագրեցին, որ ոչինչ չեն հայտնաբերել»,- ասաց նա:

Իսկ թե ինչի հետ է կապում խուզարկությունը, Շահինյանն ասաց, որ դա կարելի է ախտորոշել որպես «քյոռոնավիրուս»: ««Քյոռոնավիրուսականները» 90-ականներին թալանեցին ամբողջ աղետի գոտին, էներգետիկ ճգնաժամ ստեղծվեց հանրապետությունում, մի քանի տասնյակ հայտնի սպանություններ կատարեցին: 1996թ. «քյոռոնավիրուսականները» հարձակվեցին լուսահոգի հորս վրա, որը ղեկավարում էր Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 58 շուկան, ապա ինձ ճանապարհեցին բանտ: Գեներալ-գուբերնատոր մարզպետ ունենք, այն ժամանակ Արաբկիրի ներքին գործերի բաժնի պետն էր, իրեն հանձնարարել էին, որ հայրս շաբաթը մեկ մի քանի ժամ պետք է անցկացներ Արաբկիրի ՆԳ բաժնում, ինչի հետևանքով այդ ժամանակահատվածներում ստացավ 2 ինֆարկտ, ինձ բանտ տարան»,- պատմեց նա:

Ըստ նրա՝ ինչ-որ ատրճանակ են գտել այն ժամանակ իր մոտ. «Ինչ-որ ատրճանակ գտան, դրեցին: «Քյոռոնավիրուսականներից» Նիկոլը կա, Նիկոլը, որ այն ժամանակվա կրթության վարչության պետ Պողոսյան Սերգեյին հարցնի, կիմանա, որ ինչ ասում եմ, պատմում եմ ճի՛շտ է: Դե հիմա նորից եկել են իշխանության: Ինչ-որ գործ է  քննվում 2006-2007թթ.: Դեկտեմբեր ամսին ինձ հրավիրել են ԱԱԾ բացատրություն տալու, ես հրաժարվել եմ բացատրություն տալուց: Գիտեի, որ պետք է կանչեն: Այն հոդվածը, որը դրել են՝ մինչև 15 տարի է ենթադրում, իսկ գործն ունի 13 տարվա վաղեմություն, հիմա դեռևս չգիտեմ ինչ գործ է»,- ասաց նա:

Շահինյանը մանրամասնեց, որ հոդվածը կաշառքի օժանդակությունն է: «Ես տեղեկացված չեմ, ինձ հետ քննություն չի վարվել: Երեկ եղել է խուզարկություն, ուղղակի նայել եմ կա որոշում խուզարկության մասով, քննիչը հրավիրել է այսօր որպես վկա մասնակցելու քննչական գործողությունների: Ինքս չեմ տիրապետում՝ ինչի մասին է խոսքը: Եթե դու աշխատում ես, կարող ես ունենալ թերություններ: Մասնակցելու եմ քննչական գործողություններին, ամբողջապես ու եթե կլինի կատարված հանցանք, բնականաբար, ինչպես ասում են՝ գողը պետք է նստի բանտում»,- ասաց նա:

Շահինյանը խնդրեց, որ այս գործը որևէ կերպ չկապվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, քանի որ նա վերջինիս աջակիցներից է: «Ես ունեմ քաղաքացիական դիրքորոշում և Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսներին գնում եմ կամավոր, քանի որ նա այն պետական գործիչն է, որի ղեկավարմամբ մենք ազատագրել ենք Արցախը: Մեծ խայտառակություն է, որ իմ հերոսը գտնվում է բանտում: Խայտառակություն է, երբ հերոսին տանում բանտարկում ես: Պետք է «քյոռոնավիրուսներից», Նիկոլից շնորհակալություն հայտնեմ, քանի որ, նա եթե չլիներ մենք չէինք կարողանալու բոլոր զրպարտանքները, հերյուրանքները մարտի 1-ի, միլիարդների, հոկտեմբերի 27-ի հետ կապված, այն ինչ-որ ինքը ժամանակին ղժղժում էր, դրանք հերթով հերքվում են, դրա համար շնորհակալ եմ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: