Նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնում վարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 2144-ի. հիվանդանոցներից դուրս է գրվել 11788 մարդ
Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 144-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 422-ի: Այս մասին հաղորդել է տեղի առողջապահության շրջանային կոմիտեն, գրում է РИА Новости-ն:
Նահանգում 1 օրվա ընթացքում մահացել է 115 մարդ, վարակումների 411 նոր դեպք է գրանցվել: Բուժված անձանց թիվը մեծացել է 1451-ով: Ընդհանուր առմամբ, նահանգում հիվանդանոցներից դուրս է գրվել 11 788 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










