Պաշտոնյաների խոսքը պետք է գրական հայերեն լինի, ա-երով խոսելը դրանում չպետք է տեղ ունենա. Դավիթ Գյուրջինյան (տեսանյութ)

21:15 • 21.02.20

Լավ է, որ այսօր պաշտոնական խոսքի նկատմամբ հասարակական հետաքրքրություն կա, հիմա լսում ու գնահատական են տալիս, ընդ որում՝ ոմանք ողջունում են, որ պաշտոնյաները խոսում են բոլորիս պես, մյուսները պահանջում են, որ ժողովրդախոսակցական ձևեր չգործածվեն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Մարդիկ կան, որոնք ճիշտ են խոսում, բայց նրանց լսել չի լինում, որովհետև խոսքը բնական, կենդանի, հյութեղ չէ: Որոշ քաղաքական գործիչներ հստակորեն ձևակերպված հարցի շուրջ երկար-բարակ պտույտներ անելով՝ այդպես էլ բուն նյութին չեն անդրադառնում: Լավ խոսքն անպայման պետք է տրամաբանական կառուցվածք ունենա»,- ասել է Դավիթ Գյուրջինյանը:

Ըստ պաշտոնյայի՝ Կառավարության և ԱԺ-ի նիստերում հաճախ հնչում է խոսք, որն ունի ժողովրդախոսակցական և բարբառային տարրեր. «Ա-երով խոսելը մերժելի է, գրական հայերենը չի ընդունում դա: Հրապարակային, պաշտոնական խոսքը պիտի իր հիմնական հատկանիշներով գրական լինի, ա-երով խոսելը դրանում չպետք է տեղ ունենա: Դրանից պետք է զերծ մնալ»:

Գյուրջինյանի կարծիքով՝ վարչապետի բանավոր խոսքը, որպես կանոն, լավն է, թեև Կառավարության նիստերին նա հաճախ է շեղվում գրական հայերենի կանոններից, գործածում օտարաբանություններ, ինչն ավելի շատ հոգեբանական ազդակների և իրադրական ոճի թելադրանք է, իրավիճակով պայմանավորված լուծում:

«Քերականամոլությունը փակուղի է տանում: Դպրոցում 12 տարի մայրենի են սովորեցնում, պետությունը միջոցներ է ծախսում, հետո էլ բուհերում գրեթե նույն բանն են ուսուցանում, բայց եթե մեկին խնդրես հանպատրաստից խոսել, նա կկարկամի, չի կարողանա խոսել: Հայոց լեզվի ուսուցումն այսօր կյանքից կտրված է»,- ասել է Գյուրջինյանը:

Լեզվաբանի պնդմամբ՝ հեռուստասերիալների լեզուն շարունակում է մտահոգիչ մնալ, այն գռեհիկ է. «Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում, իրական հայերենն այդպիսին չէ: Դուրս գանք փողոց, շրջենք Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, այդպիսի բարբարոս և անկազմակերպ խոսք չենք լսի»:

Դավիթ Գյուրջինյանի կարծիքով՝ նոր սերունդն այսօր տուրք է տալիս անգլերենի միտումներին, և օտարամոլությունը մեզ խանգարում է: «Հայ երիտասարդի հաղորդակցության լեզուն պիտի օտարաբանություններից զերծ հայերենը լինի՝ առանց գռեհկաբանության ու ժարգոնի: Մեր ժողովրդի ընթացքի առումով լեզվի ապագան ազգային անվտանգության հարց է: Երիտասարդը պիտի կարողանա արդիական հասկացությունների մասին հայերեն խոսք ասել»,- ասել է Գյուրջինյանը՝ հավելելով. «Այսօր հայհոյախոսում են բոլորը՝ կանայք ու տղամարդիկ: Դա նոր երևույթ է, երբ մարդը կարողանում է իր անունով հանդես գալ և հայհոյել»:


Դավիթ Սարգսյան