Իրանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. 7148 թեկնածուներից 800-ը կին է
Իրանում ուրբաթ տեղի կունենան Մեջլիսի ընտրություններ: Երկրի քաղաքացիները ընտրություն կկատարեն 7148 թեկնածուների միջև, որոնց թվում մոտ 800-ը կին է, գրում է ТАСС-ը:
Ընտրատեղամասերը երկրում կբացվեն տեղի ժամանակով 08:00-ին: Քվեարկությունը կտևի մինչև 20:00-ը, սակայն տեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել ըստ անհրաժեշտության:
Առաջին նախնական արդյունքները, սպասվում է, որ հայտնի կլինեն արդեն հաջորդ օրը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ արդյունքները հայտարարելու ժամկետը կարող է փոփոխվել ընտրություններն անցկացնելու հարցով շտաբի որոշմամբ:
Նշվում է, որ պատգամավորներն ընտրվելու են 4 տարի ժամկետով, ուղիղ գաղտնի քվեարկությամբ: Վերջին օրերին իրանական գլխավոր քաղաքական գործիչներն, այդ թվում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և երկրի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին քաղաքացիներին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին: Այնուամենայնիվ, Թեհրանում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել բնակիչների 21%-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանք մեկուսացվել են: Ավելի ուշ հայտնի էր դարձել նրանց մահվան մասին:










