Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր նահանգներում. Իրանի առողջապահության նախարարություն

22:20 • 21.02.20

Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների հարցով հանձնաժողովի անդամ Մինո Մոհրեզը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսը կարող է տարածված լինել երկրի բոլոր նահանգներում:

«Հաշվի առնելով տեղաշարժը և ուղևորությունները Կումից դեպի երկրի տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Թեհրան, Բաբոլ, Արաք, Սպահան, Ռաշթ, հնարավոր է, որ կորոնավիրուս կա Իրանի բոլոր քաղաքներում»,-իրանցի մասնագետին մեջբերում է РИА Новости-ն:

Բժշկի խոսքով՝ վիրուսի տարածման աղբյուր կարող էին դառնալ Կում քաղաքում աշխատող չինացիները, որոնք տուն են մեկնել:

Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքերն արձանագրվել են երկու օր առաջ:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 75 000-ը, հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 2236, բուժվել են ավելի քան 18300-ը: