Չգիտե՛մ, հիմնավո՞ր են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի բացակայությունները և ներկայացվում են արդյո՞ք փաստաթղթեր. հարցին պատասխանողը կամ ընթացք տվող-չտվողն առաջին հերթին ՍԴ-ն է. Լիլիթ Մակունց
Ես չգիտեմ՝ ինչ հիմք կա այդ բացակայությունների տակ, արդյո՞ք ներկայացվում են որոշակի փաստաթղթեր ՍԴ, չե՞ն ներկայացվում, հետևաբար, այդ հարցին պատասխանող կողմը կամ ընթացք տվող-չտվողն առաջին հերթին ՍԴ-ն է:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի բացակայություններին, բայց աշխատավարձ ստանալուն:
Հարցին՝ եթե Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարում ՍԴ-ն, ինչու՞ հրաժարական չի տալիս և արդյո՞ք այդ հարցը քննարկել է «Իմ քայլը», Մակունցն ասաց. «Յուրաքանչյուր սահմանադրական մարմնին առնչվող հարցերին առաջին հերթին պետք է պատասխանի տվյալ սահմանադրական մարմինը»:
Անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, պատգամավորն ասաց, որ այս պահին մարզերում ու Երևանում հանդիպումների տեսքով նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Դիտարկմանը, թե քաղաքական որոշ ուժեր հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեին, իսկ «Ոչ»-ի շտաբը հայտարարել է, որ ակտիվ քարոզչություն չի անելու, Մակունցն արձագանքեց, թե քաղաքական ուժերն իրենք են ընտրում՝ մասնակի՞ց են, թե՞ ոչ: «Ինձ համար հարցն այլ դաշտում է՝ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները համապետական այս իրադարձությանը որևէ դիրքորոշում չեն հայտնում: Եվ երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվելու, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կոչ են անում, դրանով արդեն գրեթե անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու՞ այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և քարոզարշավ իրականացնում, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են»:
Հարցին՝ չի՞ կարծում, որ իշխանությունն իր քաղաքական նախաձեռնության մեջ մնացել է մենակ, իսկ իշխանության միայնակ մնալն արդեն ստվերում է հանրաքվեի գործընթացը, Մակունցը պատասխանեց, որ գործընթացն իրավական է և սահմանադրական: «Հանրաքվեն վերաբերում է սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու ՍԴ այն մոդելը, որը հաստատվել է 2015թ. սահմանադրական փոփոխություններով և, որն ընդ որում, հավանության և դրական եզրակացության է արժանացել նաև միջազգային այն գործընկերների կողմից, որոնց նախապես ուղարկվել է եզրակացության, հետևաբար, մենակ մնալ-չմնալու հարց չկա: Սա նոր ընդունված սահմանադրությունն ամբողջապես գործարկելու մասին է»,-ասաց նա:
Հարցին՝ ինչու՞ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով, Մակունցը պատասխանեց, որ այն, ինչ իրենք նախատեսում են փոխել, այն մոդելը վերականգնելն է, որը 2015թ. սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, և որն այս պահին չի գործում: «Մենք դեռևս վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով. ժամանակ ունենք որոշում կայացնելու, բայց այստեղ մի փոքր տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք մի փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է: Մենք վերականգնում ենք այդ հավանության արժանացած փաթեթը»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ եթե Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել փաստաթղթին, ապա ինչու՞ էր կոչ անում այն կրկին ուղարկել, Մակունցն արձագանքեց, թե չի հիշում, որ նման կոչ է եղել: «Այն տեքստը, որը հրապարակվել է, ընդամենը լարվածության մասին տեքստ էր»:
Հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կամ անդամներին չվստահելու պատճառ իշխանությունները երբևէ ունեցե՞լ են, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Մենք բավականին սերտ հարաբերություններ ունենք մեր միջազգային գործընկերների հետ և մեծ երախտիք ունենք այն ջանքերի նկատմամբ, որոնք նրանք ներդնում են՝ հատկապես, բարեփոխումների օրակարգն իրականություն դարձնելու ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ կան անհանգստացնող որոշակի հանգամանքներ, որոնք պետք է վերջնական լուծում ստանան, մինչև քայլ անելը և մինչև որևէ գնահատական հնչեցնելը»:
Հարցին՝ իր կարծիքով՝ հանրաքվեին մասնակցության ցուցանիշն ինչպիսին կլինի, ընտրողների 50 տոկոսը կգնա՞ տեղամաս՝ «Այո» կամ «Ոչ» ասելու, Մակունցն ասաց, թե այս պահին ասել չի կարող: «Մեր քաղաքական թիմի նպատակն է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որով կկարողանանք համոզել քաղաքացիներին, որ ճիշտ է գնալ ընտրատեղամաս և դիրքորոշում հայտնել: Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսանք, որ դա կանդրադառնա նաև քաղաքացիների ակտիվ մասնակցության վրա»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է սուպերվարչապետական համակարգը փոփոխվի մի քանի տարի հետո, ե՞րբ է լինելու սահմանադրական փոփոխությունների հաջորդ հանրաքվեն, Լիլիթ Մակունցն ասաց, թե աշխատանքային խումբ կա, որը ժամկետ հնչեցրել է, և խոսքը մի քանի տարվա մասին չի եղել: «Ամեն ինչ կախված է ընթացքից, բայց չեմ կարծում՝ մի քանի տարի կտևի: Անպայման պետք է սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը քննարկվի նաև խորհրդարանի, խմբակցությունների ուժեղացման հարցը: Այստեղ, իհարկե, ձեռնարկվող հարցեր կան: Անկախ նրանից, որ մենք, որպես պատգամավորներ, ինքներս պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք, բայց սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը նույնպես պետք է օգտագործել այդ առումով»:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ժամանակ ասում էր, որ պետք է վարչապետն ու նախագահն այնպիսի լիազորություններ ունենան, որ նախագահը միայն չնստի և ժպտա, բայց վարչապետ Փաշինյանն ասել է, թե այս պահին կառավարման ձևի փոփոխություն այս շրջանում չի լինելու, արդյո՞ք սա չի նշանակում, որ քաղաքական թիմն այլ բան էր ասում, Մակունցն արձագանքեց.
«Ոչ, չի նշանակում: Սահմանադրական փոփոխությունների փաթեթ է քննարկվելու, և այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում և սահմանադրական փոփոխությամբ կարող են լուծվել, ապա բավականին ներառական աշխատանքային խմբի միջոցով դա հնարավոր է անել: Մենք ունեցել ենք կառավարման կիսանախագահական մոդել, որը գործել է որպես սուպերնախագահական: Իրավական փաստաթղթավորումից բացի կարևոր է քաղաքական կամքը»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ այս պահին ՍԴ դատավորների թեկնածուներ դիտարկվու՞մ են, մամուլում շրջանառվել է նաև Գագիկ Ջհանգիրյանի անունը, ինչին ի պատասխան՝ Մակունցը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչ անդամներ են դիտարկվում, որովհետև չեմ կարող դրանից տեղյակ լինել. դա մեր լիազորությունների տիրույթում չէ: Անվան հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ եմ լսում»:










