«Ամբողջ կյանքում երբեք իրեն չդավաճանեց և ժողովուրդն իրեն սիրով պատասխանեց». տեղի ունեցավ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը

19:51 • 21.02.20

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, քաղաքական և մշակութային գործիչներ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մանարյանի մահը մեծ կորուստ է: «Սա մեծ կորուստ է ոչ միայն մեծ արվեստագետի, ում հիշելիս ջերմ հիշողություններ ես ապրում, այլև իսկապես քաղաքացու, ով միշտ եղել է բոլոր քաղաքացիների կողիքն, ով երբեք հարմարվող չի եղել և երբեք չի խորշել իր կարծիքը հայտնել որևէ հարթակում՝ միևնույն ժամանակ մնալով իր ոլորտի նվիրյալ, մեծ արվեստագետ, մեծ դերասան»,- ասել է նա:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանն էլ իր հերթին նշեց՝ Մանարյանի մահը մեծ կորուստ է հայ ազգի համար: «Վառ անհատականություն էր Երվանդ Մանարյանը և այն բացառիկ արվեստագետներից էր, որն ուներ իր քաղաքացիական դիրքորոշումը, առանց որի ինքը չէր կարող: Նա չէր կարող ամփոփվել իր աշխարհում և անել իր գործը»,- նշել է նա:

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն էլ նշել է. «Տարիքը կապ չունի, այսպիսի մարդիկ միշտ անժամանակ են, ժամանակից դուրս են ապրում: Ես կարծում եմ՝ հիմա էլ, տեսնելով այս բազմությունը, ինքն այստեղ է և միգուցե իր խորը ժպիտով նայում է բոլորիս ու ասում՝ ինչո՞ւ եք հավաքվել, գնացե՛ք, գործ արեք: Ցավակցում եմ բոլորիս»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանն էլ նշել է՝ չի կարող ասել՝ մտերմություն է եղել իր և Մանարյանի միջև, բայց ի դեմս Մանարյանի կա մարդկային մի որակ, որ երբ նրան հանդիպում ես, միշտ ժպիտ է գալիս, վատ բաների մասին չես հիշում: «Տեսնում ես նրա պատրաստակամությունը՝ լսելու քեզ, կարող ես ցանկացած հարցով հետը կիսվել: Վերջին անգամ «Նժդեհ» ֆիլմում հանդիպեցինք, ահագին զրուցեցինք: Թող ոչ ոք չնեղանա, ես նրան չեմ կարող համեմատել որևէ մեկի հետ»,- նշել է դերասանը:

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ընդգծել է՝ Երվանդ Մանարյանը երջանկություն պարգևող մարդ էր: «Նա ասպետ էր, փայլուն արվեստագետ, հրաշալի մտավորական, իրական քաղաքացի: Մենք բոլորս երջանիկ ենք, որ եղել ենք իր ժամանակակիցները, հնարավորություն ենք ունեցել շփվելու հետը: Արտակարգ պարզ մարդ էր և մեծ էր հենց դրանով: Ամբողջ կյանքում երբեք իրեն չդավաճանեց և ժողովուրդն իրեն սիրով պատասխանեց»,- նշել է նա: