Արցախում բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել (տեսանյութ)

11:20 • 21.02.20

Արցախում մի խումբ քաղաքացիներ երեկ բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտի փողոցներում՝  պահանջելով նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը:

Artsakh1.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը և ասում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար:

Այնուհետև ոստիկանները պահանջում են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջինները հրաժարվում են, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկում:

Tert.am-ի հետ զրույցում Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն պետ Գառնիկ Ալեքսանյանը նշեց, որ տարածված տեսանյութը երեկվա է: Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին։ Հաղորդագրություն ասվում է. 

«Փետրվարի 20-ի երեկոյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու:

Պաշտպանի հանձնարարությամբ՝ իր ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված: Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա: Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում»:

Միջադեպի մանրամասները՝ տեսանյութում։