Մենք մեր անելիքները գիտենք, գնում ենք իմ բնակարանի խուզարկման որոշումը բողոքարկելու. Հովհաննես Շահինյան (տեսանյութ)

18:22 • 21.02.20

Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իմացել է, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել:

«Ինձ չի առնչվում և ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց: Ինձ ներկայացվեց հրավերի պատճառը, ինչը բոլորովին ինձ հետ չի առնչվում»,- ասաց նա:

Իսկ թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել, նա ասաց, որ խոստացել է՝ այդ մասին չպետք է հայտարարի: Նա նաև նշեց, որ պայմանավորվածություն չկա, թե իրեն նորից են հրավիրելու: «Ամեն դեպքում կապի մեջ եմ, երբ կանչեն, պարտաճանաչ կներկայանամ»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ իր բնակարանի խուզարկությունն այս գործի շրջանակներում է եղել: «Պատրաստվում ենք դիմել դատարան՝բողոքարկելու այդ խուզարկության որոշումը»:

Իսկ թե ինչու է երկար տևել հարցաքննությունը, նա ասաց, որ ինքն ու իր փաստաբանը ծանոթանում էին նյութերին. «Երբ ավարտեցինք, քննիչը հարցրեց՝ ուզո՞ւմ ենք պատասխանել իր կողմից առաջադրվող հարցերին, պատասխանել ենք՝ ոչ»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ չի պատասխանել, ասաց, որ չի ցանկացել պատասխանել մի բանի, ինչի հետ ինքն առնչություն չունի, այլապես սիրով կպատասխաներ: «Անհասկանալի և անհայտ մեկը ասել է, որ ես իրեն գումար եմ տվել, այդ մարդը, եթե անցնի կողքովս, չեմ ճանաչի: Գոնե ծանոթ մարդ լիներ, եկել, զրպարտել է: Թավադյան Արմենին էլ չզրպարտեցին, վառ օրինակ է, երկու ամսվա պատմություն է: Զրպարտել են, որ ինքը ինչ-որ հանձնարարական է տվել, ես հավատացած եմ, որ նման բան չի եղել: Այնտեղ գոնե գիտենք՝ ով է, այստեղ դա էլ չգիտենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Շահինյանն ասաց. «Մենք մեր անելիքները գիտենք, գնում ենք խուզարկման որոշումը բողոքարկելու»:

Մանրամասները՝ տեսանյութում