Airbus A380 ինքնաթիռը մասերի են բաժանել` դրանցից ուղեբեռի պիտակների տեսքով հուշանվերներ պատրաստելու համար
Airbus A380 խոշոր ուղևորատար սերիական ինքնաթիռը մասերի են բաժանել` դրանցից ուղեբեռի համար պիտակների տեսքով հուշանվերներ պատրաստելու համար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Singapore Airlines ավիաընկերությանը պատկանող MSN003 սերիական համարով հսկայական օդանավն առևտրային թռիչք իրականացրած առաջին Airbus A380-ն է եղել: Այն շահագործման է հանձնվել 2007 թվականից, իսկ 2019 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա:
Այնտեղ այն այլ օդանավերի համար բաժանել են պահեստային մասերի, իսկ մնացած մասերը թողել են ուղեբեռային պիտակների տեսքով հուշանվերների ստեղծման համար: Հին ինքնաթիռից պատրաստել են 7000 պիտակ, որոնց վրա փորագրված են օդանավի ուրվագիծն ու օդանավի տվյալները` այդ թվում նաև սերիական համարը: Ընկերության խանութում հուշանվերները վաճառվում են 27,95 եվրոյով:
Singapore Airlines-ն առաջին ընկերություններից էր, որ սկսել է Airbus A380-ը շահագործել: Մինչ օրս այս ինքնաթիռի ամենախոշոր գնորդը Emirates ընկերությունն է համարվում, որն այս մոդելի ընդհանուր 123 ինքնաթիռ է պատվիրել: Սակայն հետզհետե ամբողջ աշխարհում հսկա ինքնաթիռները դուրս են բերվում շահագործումից, քանի որ դրանք փոխարինվում են առավել ժամանակակից մոդելներով:
2019-ի փետրվարին Airbus-ը հայտարարել էր A380-ի թողարկման մոտալուտ դադարեցման մասին: Ըստ Bloomberg գործակալության փոխանցած տվյալների` այդ օդանավերի արտադրությունը կդադարեցվի 2021 թվականին:
Airbus A380-ի բարձրությունը 24,08 մետր է, երկարությունը` 72,75 մետր, թևերի բացվածքը` 79,75 մետր: Այն երեք դասի սրահում տեղավորում է 525 ուղևոր: A380 ինքնաթիռները կարող են մինչև 15,4 հազար կմ առանց վայրէջքի թռչել:










