«Ի՞նչ էր դա, գրողը տանի». Դոնալդ Թրամփը դժգոհել է հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը տարվա լավագույնը ճանաչելու որոշումից

06:52 • 21.02.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է մնացել Ամերիկյան կինոակադեմիայի այն որոշումից, որով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Պոն Չժուն Հոյի հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը: Այս մասին հաղորդել է Variety պարբերականը:

«Հաղթող է ճանաչվել… ֆիլմ Հարավային Կորեայից: Ի՞նչ էր դա, գրողը տանի: Մենք բավականաչափ առևտրային խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ, իսկ իրենք նրան են տալիս տարվա լավագույն ֆի՞լմը»,- Կոլորադո նահանգում հանրահավաքի մասնակիցներին է դիմել Թրամփը:

Բացի դա, ամերիկացի առաջնորդը դերասան Բրեդ Փիթին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթի համար հեգնական տոնով անվանել է «խելոք»՝ ընդգծելով, որ երբեք նրա երկրպագուն չի եղել:

Հիշեցնենք, որ Փիթը հաղթել էր Քվենթին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում մարմնավորած կերպարի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Նա մրցանակը ստանալիս կատակել էր Թրամփի չստացված իմպիչմենթի մասին: