Ուկրաինական Ռադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին նախագիծը հետ է կանչվել, իսկ ճանաչման մասին նախագիծը սպասում է քննարկման
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման № 3070 նախագիծը, որը փետրվարի 14-ին ներկայացրել էր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինան, հետ է կանչվել:
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները, նախագիծը հետ կանչել կարող է հեղինակը, այսինքն՝ այն քննարկելու հարցը չի մերժվել:
Բացի այդ, պարբերականը նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման № 2376 նախագիծը, որը գրանցվել է 2019-ի նոյեմբերի 5-ին, դեռևս նույն կարգավիճակում է գտնվում: Նախագիծը, որը ներկայացրել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովը, դեռ սպասում է հանձնաժողովի դիտարկմանը:
Առավել մանրամասն տեղեկութուններ և պարզաբանումներ են ակնկալվում Դարիա Վոլոդինայի մամլո ծառայությունից:










