Բրազիլիայում ընկերները ֆուտբոլ են խաղացել իրենց մահացած ընկերոջ հետ (տեսանյութ)

05:17 • 22.02.20

Բրազիլիայում ընկերները ֆուտբոլ են խաղացել իրենց մահացած ընկերոջ` Ժարդեսոն Ռոդրիգես Մարտինսի հետ, որից հետո տեսանյութը հրապարակել են սոցիալական կայքերում: Այն հրապարակել է նաև g1.globo.com-ը:

Կադրերում երևում է դագաղը, որը դրված է շաղադաշտում` դարպասի կողքին: Խաղացողներից մեկը գնդակով հարվածում է դագաղին, այն անդրադարձ հարվածով հայտնվում է դարպասում: Մահացածի հաշվին «գոլ է գրանցվում» և բոլորը վազում են դեպի դագաղը` հաջողությունը նշելու:

Նման ձևով ընկերները որոշել են հարգել Մարտինսի հիշատակը, որն սպանվել է ոստիկանների կողմից: Մահացած տղայի հոր խոսքերով` իր որդին փետրվարի 13-ին տանից դուրս է եկել և գնացել է խանութ: Ինչ-որ պահի նա նկատել է ոստիկանության մեքենա.

«Ոստիկանները մեքենայից դուրս եկան և սկսեցին կրակել: Տղաս կարողացավ փախչել և որոշ ժամանակ թաքնվել զուգահեռ փողոցում: Երբ մտածեց, որ ոստիկանները հեռացել են, դուրս եկավ թաքստոցից և հենց այդ ժամանակ ոստիկանները կրակեցին նրա վրա ու սպանեցին տղայիս»,- պատմել է հայրը:

Ոստիկանները պնդում են, որ ժամանել են հաղորդագրությամբ, թե խանութում կան զինված մարդիկ: Այնտեղ տեսել են Մարտինսին, որն իրենց տեսնելով թաքնվել է: Իսկ երբ գտել են նրան, նա առաջինն է կրակել` ստիպելով ոստիկաններին պատասխան կրակ բացել: Այն շրջանի բնակիչները, որտեղ ապրում էր Մարտինսը, պաստառներով փողոց են դուրս եկել` ընդդեմ ոստիկանների և նրան կողմից ցուցաբերվող բռնության: