Իդլիբում թուրք զինվորական է մահացել

23:00 • 22.02.20

Սիրիայի Իդլիբ նահանգում ռմբակոծության հետևանքով թուրք զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

«Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի կողմից արձակված արկի պայթյունի հետևանքով մահացել է մեր զինվորը: Նա նահատակի մահ է ընդունել»,- ասվում է թուրքական Գազիանթեփ նահանգի վարչակազմի հաղորդագրության մեջ: Զոհված զինվորականը ծնունդով այդ նահանգից էր:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից նշել են, որ զինվորականը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

«Այս դեպքից հետո հույս ունենք, որ մեր նահատակների արյունն այլևս երբեք չի թափվի այս հողում»,- աղբյուրը մեջբերում է գերատեսչության հաղորդագրությունը:  

Նախարարության տվյալներով՝ 21 արկ է արձակվել ռազմարշավի ընթացքում, որից հետո պատասխան կրակ է բացվել թուրքական ուժերի կողմից: