Թաիլանդում հղի շունը պայքարի է բռնվել կոբրայի հետ և կյանքի գնով պաշտպանել ընտանիքին

03:05 • 22.02.20

Թաիլանդում պիդբուլ ցեղատեսակի շունը կյանքի գնով պաշտպանել է ընտանիքին` պայքարի մեջ մտնելով կոբրայի հետ, որը ցանկացել է ներխուժել բնակարան: Այս մասին հայտնում է Metro-ն:

Նոնգ Հորմ անունով շունը, որն օրեր անց պետք է տասնյակ ձագուկներ ունենար, տան դիմաց նկատել է կոբրային և փակել նրա ճանապարհը: Օձը մի քանի անգամ խայթել է շանը, և թույնը 5 րոպե անց սպանել է պիտբուլին, սակայն մինչ անշնչանալը շունը հասցրել է մահացու վնասվածքներ հասցնել օձին:

Շան 51-ամյա տեր Սուրիյոն Չանթախեթը պատմել է, որ լսել է պայքարի ձայներ, բայց երբ տանից դուրս է եկել, արդեն շատ ուշ է եղել շան կյանքը փրկելու համար: Կոբրային նրանք դեն են նետել, իսկ շանը թաղել են բակի հետնամասում:

«Նոնգ Հորմը հիանալի շուն էր: Նա այնքան հավատարիմ էր, որ անգամ կյանքը չխնայեց մեզ համար»,- ասել է Չանթախեթը: