«Մարդիկ նախընտրում են դիմել քրեական հեղինակություններին, «մեծ ախպերներին», այլ ոչ թե ոստիկանությանը». քննարկում

13:08 • 22.02.20

«Ոստիկանության 2020-22 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման հիմքում դրված էր ներքին գործերի նախարարության ստեղծումը, որի կազմում կլինի Ոստիկանությունը:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինա Գրիգորյանի կարծիքով՝ բարեփոխումները պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում: «Նման քննարկումներով և ներառականությամբ է հնարավոր երկարաժամկետ կտրվածքում ապահովել կայուն փոփոխություններ»,- ասաց նա:

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն էլ նշեց, որ այս բարեփոխումների ծրագիրը չի կրում ձևական բնույթ: «Փոփոխությունների դրույթները միտված կլինեն ոստիկանությունում աշխատանքների բարեփոխմանը: Կարևոր է, որ այս գործընթացի մեջ ներգրավված են և Արդարադատության նախարարությունը, և Ոստիկանությունը, և Քննչական կոմիտեն: Մեր աշխատանքները ընթանում են գործնական, մի նպատակին ուղղված լինելու ընթացքով»,- ասաց նա:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ այս բարեփոխումները պետք է դառնան իրական, որովհետև եթե բարեփոխումները իրականացվեին միայն իշխանության պատկերացրած տեսանկյունից, դրանք դժվար թե ամբողջական բնույթ կրեին: «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ամենաքննարկված թեման այն էր, որ Ոստիկանությունը վարչապետի ենթակայության տակ է, վարչապետական պետություն ենք, նախարարություն պետք է լինի, թե ոստիկանություն: Այս քննարկումները բերեցին այն եզրահանգման, որ առաջին քայլը Ոստիկանությանն է վերաբերում, որովհետև այս քայլը ցույց կտա, թե այսօրվա քաղաքական փոփոխությունների մեջ ինքը ինչպիսին պետք է լինի: Այն պետք է լինի միտված դեպի քաղաքացին, որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանությունն ուժային կառույցների մեջ իրականացնում է այն գործառույթը, որն անհրաժեշտ է բոլորիս: Պետք է ընդգրկուն քննարկումներ լինեն»,- ասաց նա:

ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ ասաց, որ բարեփոխումների փաթեթը պետք է բաժանել երկու խոշոր հատվածների: «Առաջինը վարչական վերափոխումներն են. այն, ինչը թույլ է տալիս ներքին գործերի նախարարության ստեղծում, ոստիկանության տարբեր մարմինների առանձնացում, մեկ մարմնի շուրջ միավորում: Երկրորդ ամենակարևոր կոմպոնենտը, որին պետք է ուշադրություն դարձնել փոփոխությունների այս գործընթացում, կրթական կոմպոնենտն է: Կրթությունն առաջնային պետք է լինի ոստիկանական համակարգում: Այս փոփոխությունները պետք է նախատեսված լինեն ոչ թե առաջիկա մի քանի տարվա համար, այլ առաջիկա տասնամյակում՝ ապահովելու ոստիկանության նոր ձևը»,- հայտարարեց նա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն էլ դրական գնահատեց Ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ենթարկելու փորձերը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ պետք է փաթեթի վերնագիրը լինի ոչ թե ոստիկանության բարեփոխում, այլ նոր իրավապահ մարմնի ստեղծում: «Սա առաջին անգամն է, որ մենք արմատական փոփոխում ենք իրավական համակարգի բովանդակությունը: Սա, ըստ էության, ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավապահ մարմնի ստեղծում է: Ունենք լավ փորձ դասեր քաղելու, թե ինչպիսին չպետք է լինի իրավապահ մարմինը»,- հայտարարեց նա:

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ընդգծեց, որ շատ կարևոր է Ոստիկանական ակադեմիայի շեշտադրումը ռազմավարության մեջ, որովհետև ոստիկանների մատենագիտական պատրաստվածությունն այն լրջագույն խնդիրներից էր, որին տարիներ շարունակ ականատես ենք եղել ու շատ կարևոր է, որ դա լուծվում է:

«Լրջագույն խնդիրը, որ մենք տեսնում ենք, ոստիկանության հանրային ընկալումն է, մարդիկ, որոնք ունենում են խնդիրներ, որոնք ոստիկանության լուծման տիրույթում են, չեն դիմում ոստիկանությանը, որովհետև չեն ակնկալում, որ ոստիկանությանը կլուծի այդ խնդիրը: Մարդիկ նախընտրում են դիմել տարբեր մեխանիզմների՝ քրեական հեղինակություններին, մեծ ախպերներին, ոմանք ընդհանրապես ոչ մեկին չեն դիմում: Կարևոր է, որ ոստիկանը սկսվի ընկալվել որպես ընկեր, մարդ, ում կարող ես զանգել, երբ ունես խնդիր, ով քեզ կօգնի, ոչ թե 7 անգամ կտանի, կբերի բաժին, բացատրություն կուզի ու վերջում խնդիրը չի լուծի: Ոստիկանության էֆեկտիվության բարձրացումը կարևոր է նաև քրեական ենթամշակույթի թուլացման սահմաններում»,- ասաց նա: