Մինչև 2023 թ. բոլոր ոստիկանական բաժանմունքները կկահավորվեն տեսախցիկներով, դրանով կբացառվեն բռնության երևույթները Ոստիկանությունում. փոխոստիկանապետ (տեսանյութ)
Պիլոտային նախագծով մենք պետք է կահավորեինք առաջին հերթին 10 ոստիկանական ստորաբաժանումներ, և այդ 10 ստորաբաժանումները կահավորված են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը՝ անդրադառնալով հարցին, թե Ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ տեղադրելու գործընթացն ինչ փուլում է:
«Հիմա ներքին իրավական ակտերի խնդիր կա, մենք շատ մոտ ժամանակներում կսկսենք այդ գործընթացը: Ֆինանսական կամ տեխնիկական խնդիրներ չկան, բոլոր ստորաբաժանումները կահավորված են ավելի շատ տեսախցիկներով, քան նախատեսված էր սկզբում: Ելնելով ծանրաբեռնվածությունից՝ մենք նոր վերահաշվարկ արեցինք և տեսանք, որ որտեղ նախատեսված էր մեկ կամ երկու տեսախցիկ, դա չէր բավարարի ծանրաբեռնվածությանը, և բաժիններ կան, որտեղ ավելացրինք մեկ կամ երկու տեսախցիկ ևս»,- ասաց նա:
Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ տեսախցիկների տեղադրումը կբացառի բռնության գործադրման և խոշտանգումների երևույթները ոստիկանությունում: «Մինչև 2023 թ. մենք ավարտելու ենք այդ պրոյեկտը, և տեսախցիկներ են դրվելու հանրապետության բոլոր ոստիկանական բաժանմունքներում»,- ասաց նա:
Հարցին էլ՝ ոստիկանությունն ունի՞ մոնիտորինգ, վերլուծություն, թե Հայաստանում, որքան են քրեական ենթամշակույթին հարող մարդկանց թիվը, Եսայանը պատասխանեց, որ եթե չլիներ նման հաշվառում, չէին կարող լիարժեք պայքարել դրա դեմ: «Իհարկե կա, դրանք հատուկ օպերատիվ հաշվառումներ են, և մեր աշխատանքներն այդ ուղղությամբ կազմակերպելիս մենք հաշվի ենք առնում այն քանակը, այն մարդկանց տեսակը, ում հետ մենք գործ ունենք և ըստ դրա՝ ընտրում ենք դրա դեմ պայքարելու ձևերն ու մեթոդները»,- ասաց նա:
Անդրադառնալով քննադատություններին, թե ուղղակի բռնում և բաց են թողում մարդկանց, որոնք իբր քրեական ենթամշակույթի կրող են, Եսայանն ասաց, որ օրենքի գերակայության պայմաններում իրենք իրավասու չեն անել այն, ինչ որ ուզում են: «Մենք պարտավոր ենք արձագանքել և արձագանքում ենք թե մեր օպերատիվ տեղեկություններին, թե քաղաքացիների ահազանգերին: Իսկ թե արդյունքում ինչ է դուրս գալիս, դա երևում է: Եթե կարող ենք, հայտնաբերում ենք համապատասխան հանցագործության հատկանիշներ, կարող է ստացվել այնպես, որ չլինեն հանցագործության հատկանիշներ: Ամեն դեպքում մենք պարտավոր ենք ստուգել քաղաքացիներից ստացած ահազանգերը և մեր օպերատիվ տեղեկությունները»,- հայտարարեց նա:
Իսկ թե քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նոր օրենքը որքանով է նպաստել գործին, Եսայանի խոսքով, ոստիկանությունն ունեցել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ և բավականին արդյունավետ են կատարել իրենց աշխատանքները: «Այս օրենքը միայն կնպաստի, որ մեր աշխատանքները լինեն ավելի նպատակաուղղված, օրենքի սահմաններում և ավելի արդյունավետ, դուք դրա արդյունքները կտեսնեք, համոզված եմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ տևական ժամանակ է՝ ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն չկա, այդ պաշտոնները զբաղեցնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ինչն էլ ըստ ընդդիմության, անորոշություն է ստեղծում ուժային կառույցներում, Եսայանն ընդգծեց, որ Ոստիկանությունն աշխատում է, իր գործառույթներն իրականացնում է բավականին լավ, և ոչ մի խնդիր չկա այսօր:
Մանրամասները՝ տեսանյութում:










