Իսպանիայում տեսագրել են, թե ինչպես է մանկահասակ աղջնակը միայնակ քայլում 4-րդ հարկի պատշգամբի կողքի նեղ եզրով (տեսանյութ)

23:48 • 22.02.20

Իսպանիայում դատավորը որոշել է փակել ամուսինների դեմ բացված գործը, որոնց մանկահասակ դստերը նկատել էին բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկի պատուհանի տակ գտնվող նեղ եզրով քայլելիս:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, դատավորն առաջարկել է կասեցնել գործը և ոչ մի տուգանք կամ պատիժ չի սահմանել կատարվածի առնչությամբ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Տեներիֆեում հունվարի 4-ին:

Երեխայի ծնողներին բուռն քննադատության էին ենթարկել սոցցանցում, որտեղ տարածվել էր երեխային 25 մետր բարձրությամբ վտանգավոր հարթակով միայնակ քայլելիս պատկերող տեսանյութը:

Ինչպես երևում է տեսանյութում, երեխան պատուհանից գնացել է դեպի պատշգամբ, այնուհետև հետ գնացել նույն ճանապարհով:

Մայրը դատավորին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում, երբ ինքը ցնցուղ ընդունելիս է եղել, իսկ ամուսինը տանը չի եղել: 

Դատավորի հայտարարության մեջ նշվում է, որ դատարանը լսել է ծնողներին, որոնք հավաստիացել են, որ նման միջադեպ այլևս չի կրկնվի: