Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է

02:22 • 22.02.20

Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VnExpress-ը:

Աղջնակը վարակվել էր տատիկից և մոտ 10 օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց: Երեխան դեռ որոշ ժամանակ կլինի բժիշկների հսկողության ներքո: Փոքրիկի մայրը շնորհակալություն է հայտնել բժիշկներին և հիվանդանոցի ողջ անձնակազմին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: