Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսը տարածվել է ոչ թե Ուհանի շուկայից, այլ ուրիշ վայրից և դեկտեմբերից շուտ

23:59 • 22.02.20

Չինաստանի գիտությունների ակադեմիային կից արևադարձային բուսաբանական այգու մասնագետները եզրակացության են եկել, որ COVID-19 վիրուսի փոխանցումը սկսվել է ոչ թե դեկտեմբերին, այլ 2019-ի նոյեմբերին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Գիտնականները մանրազնին ուսումնասիրել են կորոնավիրուսի 93 նմուշի գենոմային տվյալները, որոնք վերցվել են 4 մայրցամաքների 12 երկրներից:

Ուսումնասիրության արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ վիրուսը Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի շուկայում է հայտնվել այլ վայրից: Մասնագետները ենթադրում են, որ վարակումը սկսել է ինչ-որ «զրոյական հիվանդից», որը եկել է կեղտոտ շուկա, որտեղ մեծ թվով մարդիկ են եղել: Դրանից հետո COVID-19-ը սկսել է տարածվել առնվազն 3 ուղղություններով:

Հաջողվել է պարզել նաև, որ Չինաստանի 9 նահանգներում վարակման դեպքերն անմիջականորեն կապված են եղել Ուհանի հետ: Միևնույն ժամանակ Գուանդուն նահանգում հայտնաբերվել են վարակման երեք հնարավոր աղբյուր, իսկ Չունցինում և Թայվանում՝ ևս երկուսը:  

Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 78 000-ը: Մահացել է ավելի քան 2300 մարդ, ապաքինվել է ավելի քան 21 000-ը: