Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք, որից 8-ը՝ մահացու ելքով
Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։
«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ արձանագրված 43 դեպքերից 8-ը մահվան ելքով է ավարտվել։
Նշենք, որ Չինաստանից սկիզբ առած կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում արձանագրվել են փետրվարի 19-ին:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Հիշեցնենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:
Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն:










