Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ
Վրաստանի կառավարության որոշմամբ ավիահաղորդակցությունը Վրաստանի և Իրանի միջև ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը, այս մասին ասվում է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրության մեջ:
Վրաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել, սակայն Իրանում վերջին տվյալների համաձայն 43 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:
Քաղաքավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:
«Սահմանափակումները կգործեն մինչև Իրանում համաճարակի հետ կապված իրավիճակի վտանգների նվազումը: Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին»,- ասվում է վրացական նախարարության հայտարարության մեջ:
Վրաստանն Իրանի հետ անմիջական սահման չունի, ցամաքով Իրանի քաղաքացիները Վրաստան են հասնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքով:










