Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին չկան «սևերը», դա հիասփաթեցնում է իշխանություններին, որովհետև հիմա իրենք չունեն թիրախ. Վիգեն Հակոբյան

22:31 • 23.02.20

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական հանրաքվեի արդյունքների և «Այո»-ի հաղթանակի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ պետք է սպասել ակտիվ քարոզարշավի մեկնարկին և տեսնել, թե ինչպիսի քարոզչություն, հակաքարոզչություն կլինի:

«Կարծում եմ` «Ոչ»-ի շտաբը քարոզարշավը երկու ուղղությամբ է տանելու: Իրավագետները, սահմանադրագետներն անընդհատ քարոզարշավի ընթացքում դիտարկելու են հանրաքվեի անցկացման լեգիտիմությունը: Բայց քանի որ հանրաքվեների մասին օրենսդրությունը ենթադրում է նաև որոշակի քարոզչական գործիքակազմի տրամադրում, այդ թվում, նաև` անվճար, ենթադրում եմ, որ դրանք կտրամադրվեն նաև որոշակի քաղաքական շրջանակների, որոնք կփորձեն օգտագործել մեդիառեսուրսները, որպեսզի սեփական օրակարգով հանդես գան: Եվ արդյունքում, այդ քաղաքական շրջանակները, որոնք կամ բոյկոտով են հանդես գալիս, կամ չեն խոսում հանրաքվեից, հակաքարոզչություն կիրականացնեն: Դա ագիտացիա է լինելու ընդդեմ «Այո»-ի»,- ասաց նա:

Խոսելով «Այո»-ի շտաբի քարոզարշավի մասին` Վիգեն Հակոբյանը համաձայնեց, որ այն գլխավորելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Դա պարտադրված քայլ է. իշխանությունը չունի այնպիսի սփիքերներ, որոնք կարող են զանգվածների վրա լուրջ ազդեցություն թողնել: Իշխանությունն առանձնապես մեծ ընտրություն չունի իր միջից քարոզիչներ ընտրելու, որոնք կկարողանան համոզել ընտրազանգվածին»,- նկատեց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով` «Այո»-ի շտաբն էլ է քարոզչությունը երկու ուղղությամբ  տանելու. հիմնավորելու է հանրաքվեի իրավական անհրաժեշտությունը, բայց հիմնական շեշտը դրվելու է երկու տարիների իրենց գործունության հաջողությունների վրա: «Փորձելու են նախկիններին էլ քննադատել, բայց առավել շատ կլինի «սպիտակ փիարը», այսինքն` խոսելու են տնտեսական աճի, սեփական հաջողությունների մասին»,- ասաց նա:

Այն, որ նախկին իշխանությունները գոնե պաշտոնական մակարդակով չեն մասնակցում քարոզարշավին, ըստ Վիգեն Հակոբյանի, դժվարացրել է ներկայիս իշխանությունների գործը: «Չկան «սևերը», և դա հիասթափեցնում է իշխանություններին, որովհետև հիմա իրենք չունեն թիրախ»,- ասաց նա:

Նրա խոսքով` ճիշտ են արել նախկին իշխանությունները, որ որոշել են, որպես ընդդիմություն, չմասնակցել քարոզարշավին` այդպես նպաստելով, որ այն բովանդակային լինի: Իսկ ընդդիմության մյուս մասի` թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նոր ուժերի չմասնակցելը տարակուսանք է առաջացնում նրա մոտ:

«Գուցե ֆորմալ առումով նրանց ընտրությունն արդարացված է, բայց դա չի նպաստում, որ ընդդիմադիր դաշտը ձևավորվի, կայանա: Նրանք այդ շանսը կորցնում են: Երբ հստակ ասում են` բոյկոտում ենք ընտրությունները, ես հասկանում եմ նրանց, դա դիրքորոշում է, դրանից բխում են կոնկրետ գործողություններ: Բայց շատ քաղաքական ուժերի մոտ ես տեսնում եմ երկչոտություն, հստակության բացակայություն»,- ասաց նա:

Այս հանրաքվեն, Վիգեն Հակոբյանի խոսքով, իշխանությունների համար առաջին թեստն է լինելու խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակից հետո: «Այն ցույց է տալու, թե արդյո՞ք ընտրակեղծիքների էջը փակված է: Սովորաբար հեղափոխություններից հետո ընտրակեղծիք անելու անհրաժեշտություն չի լինում, հետո է դժվարանում խնդիրը. երբ իշխանությունն արդեն որոշ ժամանակ աշխատել է, հիասթափություն է առաջանում, ռեյտինգ է ընկնում, այդքան էլ հետ չի լինում վերարտադրվելը»,- ասաց նա:

Հիմա, ըստ նրա, բոլորի ուշադրությունը լինելու է այն, թե արդյոք իշխանությունները փորձելո՞ւ են հեռու մնալ հանրաքվեի ժամանակ տարբեր լծակներ օգտագործելուց: «Բավականին մեծ գայթակղություն կա` oգտագործելու վարչական ռեսուրսը: Ես հակված չեմ մտածելու, որ կլինեն ընտրակաշառքներ, կամ Մուկուչյանը թվեր կնկարի, բայց մեծ գայթակղություն կա, որ վարչական ռեսուրս կօգտագործվի: «Այո»-ի շտաբի պետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարն է: Դա նշանակում է, որ վերևից ներքև` մարզպետից` համայնքի ղեկավարներ, մեխանիզմն աշխատացվելու է «Այո»-ն ապահովելու համար»,- նշեց նա: