Առողջապահության նախարարի ու ԱԺ փոխխոսնակի պնդումների ֆոնին կորոնավիրուսի պատճառով հայ-իրանական սահմանը փակելու պահանջը դառնում է անիմաստ. Արման Սաղաթելյան

10:32 • 23.02.20

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել կորոնավիրուսի խնդրի կապակցությամբ Արսեն Թորոսյանի և Ալեն Սիմոնյանի արձագանքներին: Նա մասնավորապես նշել է, որ վերջինների արձագանքների ֆոնին հայ-իրանական սահմանը փակելու պնդումը դառնում է անիմաստ, քանի որ Հայաստանի պատկան մարմինները հավաստիացնում են, որ խնդիրն ուռճացված է և իրենք կիրառում են անհրաժեշ գործիքակազմը՝ կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի ընկերներ,

խնդրում եմ, դադարեք ինձ ուղարկել Արսեն Թորոսյանի ու Ալեն Սիմոնյանի անհեթեթ արձագանքները կորոնավիրոսի խնդրի կապակցությամբ: Չհասկացա, թե ինչու էին ոգևորվել, բայց իրենց պարագայում նորմալ է, որ պարզ, մարդկային մտահոգությունը եւ հստակ ու առարկայական հարցադրումները (որոնք մնացին անպատասխան) «խուճապ տարածելուց» չեն տարբերում:

Այնուամենայնիվ, եթե պնդում են, որ լիարժեք վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են հնարավոր վտանգներին, միայն ուրախ եմ: Եվ այս պնդումների ֆոնին հայ-իրանական սահմանը փակելու պահանջը դառնում է անիմաստ, քանի որ Հայաստանի պատկան մարմինները՝ առնվազն նախարարի ու ԱԺ փոխխոսնակի մակարդակով, հավաստիացնում են, որ խնդիրը ուռճացված է և իրենք կիրառում են անհրաժեշտ գործիքակազմ կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխելու, իսկ հարկ եղած դեպքում ունենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, անձնակազմ ու միջոցներ երկրի ներսում վարակի դեմ կռիվ տալու համար: Հետևաբար, եթե, այնուամենայնիվ, փակեն հայ-իրանական սահմանը կնշանակի, որ մեր բոլոր մտահոգություններն արդարացի էին, իսկ այս պաշտոնյաների հավաստիացումներն ու ինքնագոհ հայտարարությունները՝ սին»: