Սլովակիայի վարչապետը հոսպիտալացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ

20:22 • 23.02.20

Սլովակիայի վարչապետ Պիտեր Պելեգրինին չեղարկել է իր աշխատանքային օրակարգը` հանկարծակիորեն հիվանդանալու պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին:

Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Նա կիրակի երեկոյան պետք է ներկայանար հեռուստատեսային բանավեճին բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ, որոնք մասնակցում են ընտրություններին:

«Վարչապետ Պելեգրինին հոսպիտալացվել է երեկ գիշերը վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդության պատճառով, որն ուղեկցվում է բարձր ջերմաստիճանով: Առողջական վիճակի պատճառով նա ժամանակավորեպես չեղարկում է իր աշխատանքային գրաֆիկը»,- ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ: