Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել և չի լինելու. Արայիկ Հարությունյան

18:11 • 24.02.20

Մենք խորհրդակցում ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ և  պետք է  իրենցից համապատասխան  միջնորդություն լինի, որպեսզի դասապրոցեսի դադարեցման մասին որոշում կայացնենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք կորոնավիրուսի ռիսկերով պայմանավորված չեն պատրաստվում հետաձգել  դասապրոցեսը:

Արայիկ Հարությունյանը  հիշեցրեց, որ այս պահին որևէ դեպքի վերաբերյալ  տեղեկություն չկա:

Փետրվարի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է բերման ենթարկվել՝ կաշառք ստանալու համար, ԵՊՀ-ն հերքել է  բերման ենթարկելու մասին տարածված տեղեկությունը:

Արայիկ Հարությունյանից լրագրողները  հետաքրքրվեցին, արդյո՞ք ձեռնամուխ եղել է հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել ԵՊՀ-ում, ի վերջո, կրթական հաստատությունը հերքել է ԱԱԾ-ին։

«Քանի դեռ քննություն է ընթանում, ես որևէ դեպքի մասին մեկնաբանություն չեմ տալիս, նախկինում էլ այս սկզբունքը պահպանել եմ և չեմ խախտում»,- նշեց նախարարը։

Նա նաև անդրադարձավ  հարցին՝ արդյո՞ք  մասնակցելու  է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին:

«Կմասնակցեմ, բայց դեռ  գրաֆիկը չգիտեմ, թե ինչպես, կապված է նրանից, թե թիմն ինչ որոշում կկայացնի: Իրականում նախարարության զբաղվածությունը  մեծ է»,-ասաց նա:

Անդրադառնալով  հարցին՝ արդյո՞ք  բուհերը ներգրավվելու ռիսկ չկա, նախարարն ասաց.

«Դուք  երկու օրինակ ունեք. որևէ  բուհ, որևէ դպրոց ներգրավված չի եղել, ինչի ենք մենք անընդհատ հետ գնում հանրապետական ռեժիմի ժամանակահատվածը և հարցը բարձրացնում: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,-ասաց նա: