Իրաքում Իրանից ուսանողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

16:35 • 24.02.20

Այսօր Իրաքում հաղորդել են նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Այս մասին հաղորդում է Shafaq news լրատվական պորտալը՝ վկայակոչելով Նաջաֆի նահանգի առողջապահության վարչությանը, որտեղ դեպքը հաստատվել է:

Բաժնի վարիչ Ռադվան ալ-Կինին հաղորդել է, որ լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքներն այսօր ցույց են տվել, որ իրանցի ուսանողը, որը ժամանել էր Իրաք նախքան Իրան-Իրաք սահմանի փակումը, վարակված է եղել կորոնավիրուսով:

Նրա խոսքով՝ դեպքը պարզվել է, երբ բժշկական խմբերը զննել են հարևան երկրի այցելուներին և ուսանողներին: Նրանցից մեկի վիճակը հարուցել է բժիշկների կասկածը:

«Նրան ընդունել են հիվանդանոց, և նրանից վերցված նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության: Ուսանողը գտնվում է մեկուսացման մեջ»,- հայտնել է նա:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: