Ավազամրրիկի պատճառով Կանարյան կղզիներում հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում իրենց հայրենիք վերադառնալ

16:25 • 24.02.20

Կանարյան կղզիներում գտնվող Ֆինլանդիայի հարյուրավոր քաղաքացիներ սպասում են իրենց երկիր վերադառնալուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Finavia ֆինլանդական օդանավակայանները կառավարող ընկերության հայտարարությանը:

Շաբաթ օրն օդանավակայանների աշխատանքը համակարգող իսպանական Aena օպերատոր ընկերությունը հայտարարել էր Աֆրիկայից ավազամրրիկի պատճառով «Գրան Կանարիա», «Թեներիֆե Հարավային» և «Թեներիֆե Հյուսիսային» օդանավականների փակման մասին:

Կանարյան կղզիները ֆինլանդացիների համար հանգստի ամենասիրելի վայրերից են` հատկապես ձմեռային սեզոնին: Ֆինդլանդիայի կենտրոնական շրջանում երկուշաբթի օրն ավարտվել են ձմեռային արձակուրդները, և մի շարք ընտանիքներ պատրաստվում են տուն վերադառնալ:

Ավազամրրիկի ժամանակ կղզիների օդանավակայաններում գտնված օդանավերը տեխնիկական ստուգումների կարիք ունեն:

«Այս օդանավերը, իհարկե, ավազամրրիկի ժամանակ փողոցում են գտնվել....Լուսանկարներում երևում է, որ ավազն ամենուր է թափանցել»,- հայտարարել է Norwegian ավիաընկերության մամուլի ծառայության ղեկավարը YLE ֆիննական պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Aena իսպանական ընկերությունը մանրամասնում է, որ ավազամրրիկն ազդել է մոտ 822 չվերթի վրա, ուստի ուղևորներին խորհուրդ է տրվում առանց չվերթի կայացման մասին ավիաընկերություններից հաստատում ստանալու չգնալ Կանարյան կղզիների օդանավակայաններ: