Լոնդոնում Ասանժի կողմնակիցները հավաքվել են դատարանի շենքի մոտ (տեսանյութ)
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցները հավաքվել են Լոնդոնի արևելքում գտնվող Վուլիչի թագավորական դատարանի առաջ, որը գտնվում է Բելմարշ խիստ ռեժիմի բանտի հարևանությամբ, որտեղ էլ պահվում է Ասանժը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Այսօր` փետրվարի 24-ին, այստեղ սկսվում են Ասանժի` ԱՄՆ արտահանձնման վերաբերյալ գործի լսումները, որը կարող է ձգձգվել մի քանի տարի:
Wikileaks կայքի հիմնադրի որոշ կողմնակիցներ ավելի շուտ են եկել դատարան և վրաններ են խփել դարպասի մոտ: Մարդիկ հավաքվել են դատարանի մուտքի մոտ, ձեռքերում պահել են «Ազատությո՛ւն Ասանժին», «Ո՛չ արտահանձնմանը» գրառումներով պաստառներ և աջակցության բացականչություններ են անում Ասանժի հասցեին: Ասանժի կողմնակիցների թվում շատ արտասահմանցիներ, մասնավորապես ֆրանսիացիներ կան: Շատերն Ասանժի դեմքով դիմակներ են դրել, մյուս մասը Anonymous շարժման դիմակներով են:
«Ասանժի գործը մեր բոլորի գործն է, խոսքը խոսքի ազատության, լրագրողների ազատության մասին է: Անպայման լսեք պաշտպանող կողմի հիմնավորումները, դրանք նման չեն ԱՄՆ-ի դատարկախոսություններին»,-ասել է ակտիվիստներից մեկը:
Դատարանի շենքի մոտ հավաքվել են նաև տասնյակ լրագրողներ ամբողջ աշխարհից:
Լսումները սկսվել են Երևանի ժամանակով ժամը 14:00-ին: Ասանժը դատարանի դահլիճ է բերվել ուղիղ բանտից, որը միացված է դատարանի դահլիճին:
Լսումների այս փուլը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում կողմերը կներկայացնեն գլխավոր հիմնավորումները: Մայիսից մինչև հունիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում տեղի կունենան ևս երեքշաբաթյա լսումներ, որոնց ընթացքում կողմերը կներկայացնեն ապացույցներ և կկանչեն վկաների: Դատարանի որոշումը սպասվում է դրանից որոշ ժամանակ անց, բայց գործի ընթացքը դրանով դժվար թե վերջանա. կախված որոշումից` սպասվում է, որ կողմերից մեկը կբողոքարկի որոշումը, գործի վերանայումն էլ երկար ժամանակ կտևի: Պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործը կարող է հասնել Գերագույն դատարան: Ընդհանուր առմամբ, գործի ընթացքը մի քանի տարի կտևի:
Սրան զուգահեռ, պաշտպանական կողմն աշխատում է Ֆրանսիայից քաղաքական ապաստան ստանալ Ասանժի համար:










