Հաիթիի իշխանությունները չեղարկել են կառնավալը` ոստիկանության և բանակի միջև բախումների պատճառով
Հաիթիի կառավարությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաներ անցկացնող ոստիկանների և բանակային ստորաբաժանումների միջև արյունալի բախումներից հետո չեղարկել է կիրակի Պորտ օ Պրենսում ծրագրված կառնավալը` խուսափելու համար նոր արյունահեղությունից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Որպեսզի խուսափենք հնարավոր արյունահեղությունից, կառավարությունը տեղեկացնում է բնակչությանը Պորտ օ Պրենսի կառնավալը չեղարկելու որոշման մասին և կոչ է անում բնակչությանը պահպանել հանգստություն»,-ասված է Հաիթիի կապի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հաիթիի նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով ամենաքիչը մեկ զինվոր և մեկ ոստիկան է մահացել, ևս 9 մարդ վիրավորվել է:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` զինված դիմակայությունը սկսվել է անհայտ անձանց կողմից Մարսյան դաշտի շրջանում տեղակայված բանակային շտաբի վրա կատարված հարձակումից հետո: Հարձակվողները փորձել են այրել շենքը: Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում հրաձգությունը չի դադարել` մի կողմից քաղաքացիական հագուստով անձանց և ոստիկանների, մյուս կողմից` զինվորականների միջև:
Ոստիկանների բողոքի ակցիան, որը տեղի է ունենում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով, անցկացվում է այն վայրում, որտեղ պետք է անցկացվեր կառնավալը: Մեկ շաբաթ առաջ ոստիկանները բողոքի ակցիա էին անցկացրել նույն վայրում և այրել էին կառնավալի համար պատրաստված հարթակները:
Հաիթիում սոցիալ-քաղաքական ճգնաժամը շարունակվում է շուրջ մեկ տարի, 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների բողոքի ակցիաները երկրի նախագահին ստիպել են չեղարկել իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Ցուցարարները երկրի նախագահին մեղադրում են կոռուպցիայի, տնտեսական խնդիրների և հանցագործության աճի համար: Կառավարությունը հին խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ավելի քան մեկ տարի չի կարողանում խորհրդարանական ընտրություններ կազմակերպել:










