Վենեսուելայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը բավականաչափ սնունդ չի ստանում. զեկույց

10:30 • 24.02.20

Վենեսուելայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը սննդի նվազագույն պահանջները բավարարելու համար բավականաչափ սնունդ չի ստանում, հայտնում է Associated Press գործակալությունը` հղում տալով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցին:

Վենեսուելայի 31,98 միլիոն բնակչից գրեթե 9,3 միլիոնը սննդի չափավոր կամ զգալի պակաս ունի, ինչը բնորոշվում է որպես հիմնական սննդային պահանջները բավարարելու անկարողություն: Նշվում է, որ շատ վենեսուելացիների սննդակարգը հիմնականում բաղկացած է պալարից և լոբազգիներից:

Հիշեցնենք, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Վենեսուելայի տնտեսությունը 116 միլիարդ դոլարի կորուստ է կրում:

Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարեցին նրա իշխանությունը ճանաչելու մասին: Դրան հաջորդեց Մադուրոյի հայտարարությունը, թե Գուադիոն ԱՄՆ-ի խամաճիկն է: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ իրենց հերթին աջակցեցին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:

2020 թվականի հունվարի 5-ին խորհրդարանի պաշտոնական նիստի ժամանակ խոսնակ ընտրվեց Լուիս Պարրան: