«Թուրքիան Միսրատայի նավահանգստի միջոցով զենք է մատակարարում Լիբիային». Հաֆթարի մամուլի խոսնակ

12:20 • 24.02.20

Լիբիացի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի մամուլի խոսնակ Ահմադ ալ Միսմարին հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը զենք մատակարարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է demokrathaber.org կայքը:

Մամուլի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 200 կմ հեռավորության վրա գտնվող Միսրատայի նավահանգստի միջոցով զենք, զինամթերք և զրահատեխնիկա է մատակարարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը:

«Միջազգային հանրության աչքի առաջ նման բացահայտ կերպով արվող օգնությունն այլ բան չէ, քան հայտարարված հրադադարի խախտում: Լիբիական ազգային բանակի ստորաբաժանումները հետևում են իրավիճակին և մինչև հիմա հակազդող քայլեր չեն ձեռնարկել»,-ասել է Ալ Միսմարին:

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է տիրում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ: