Թուրքիան և Իրանը փակել են Նախիջևանի հետ սահմանը, այն հայտնվել է շրջափակման մեջ

16:57 • 24.02.20

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Թուրքիան փակել է ցամաքային սահմանը ոչ միայն Իրանի, այլ նաև Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Հետաքրքիր է, որ Իրանը, որտեղից անմիջականորեն գալիս է կորոնավիրուսի վտանգը, նույնպես փակել է սահմանը Նախիջևանի հետ, արդյունքում ինքնավար հանրապետությունը, որը ցամաքային սահման չունի Ադրբեջանի մնացյալ հատվածի հետ և սահմանակից է Հայաստանին, հայտնվել է ցամաքային շրջափակման մեջ: Արտաքին աշխարհի հետ միակ կապն իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցության միջոցով:

Ճանապարհների շրջափակման հետևանքով Նախիջևանում սկսվել է պարենային ապրանքների գնաճ: Բնակիչները մեծ քանակությամբ հատիկեղեն, ալյուր և այլ ապրանքներ են գնում: Իշխանությունները դեռևս սահմանափակում չեն դրել ապրանքների վաճառքի հարցում: