«Զոդի կամրջի» վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով (տեսանյութ)
15:15
«Զոդի կամրջի» վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից Սեդա Սաֆարյանի բացակայության պատճառով։ Գործի քննությունը նշանակվեց 2020 թվականի մարտի 11-ին, ժամը 14։20-ին։
«Սեդա Սաֆարյանի պատճառով երկրորդ նիստը հետաձգվեց, երրորդն էլ չենք ների, հակառակ դեպքում արյուննն արյունով կմաքրվի։ Սեդա Սաֆարյանի հերթական խաղն է սա։ Խնդրում եմ ՀՀ օրենսդրական մարմիններին, որ բերման ենթարկեն Սեդա Սաֆարյանին»,- ասաց Վթարի ժամանակ մահացած Աստղիկ Ավետիսյանի հայրը՝ Տիգրան Ավետիսյանը:
Տիգրան Ավետիսյանի խոսքով՝ Սաֆարյանի նման պահվածքը դիտավորյալ է, և առաջին դատը ևս անհիմն հետաձգվեց։ «Առանց ամաչել ասում է՝ դատը նշանակեք իմ գրաֆիկին համապատասխան»,- ասաց նա։
Մահացածներից մեկի ծնողը մտահոգություն հայտնեց, որ Կառավարությունն արձագանք չի տալիս։ «Միթե մեր Կառավարությունը չի անդրադառնալու նրան, որ մահ է եղել։ Ոնց որ, ով ոնց ուզի, իր համար կանի։ Վերջ պիտի լինի՞, թե չէ․ յոթ ամիս վերքի վրա աղ են լցնում»։
14:45
Վթարի ժամանակ մահացած Աստղիկ Ավետիսյանի հայրը՝ Տիգրան Ավետիսյանը ներկայացրեց, որ դեպքի վայր է հասել, երբ կրակն արդեն մարվել էր։
«Գործի նախաքննությունը նորմալ է ընթացել, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Մի բան չեն կարողացել բացահայտել, չեն կարողացել «Տոյոտա Հիլուքս»-ի արագությունը որոշել։ «Տոյոտա Հիլուքսը» այնքանով է մեղավոր, որ հանդիպակած գոտի է դուրս եկել, ականատեսների և «ԳԱԶԵԼ»-ի մեջ եղած վիրավորների ասելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդը զգացել է, որ մեքենան իր վրա է գալիս, կանգել է, կանգնելն ու հարվածել էլ մեկ է եղել։ Բնականաբար արագությունը շատ մեծ է եղել, բայց չեն կարողացել բացահայտել, պատճառաբանել են, թե արգելակման հետքեր չկան»։
14:20
«ԳԱԶԵԼ»-ի վարորդի տղան՝ Սարի Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանից խստագույն պատիժ է ակնկալում: Ըստ նրա, դեպքի մեղավորը «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդն է, քանի որ հանդիպակած է դուրս եկել և խախտել կանոնները։
«Ես հասել եմ դեպքի վայր, արդեն բոցով մեքենան վառվում էր, Սողոմոն Հակոբյանի դատապաշտպանն ասում էր,որ ինքը նստած է եղել այնտեղ։ Ես գնացել եմ, նման մարդ չեմ տեսել, ինքն ինձ մոտ հիվանդանոցում պառկած է եղել, ես չեմ ճանաչել։ Ասում են՝ բոցը թույլ է եղել, ես այնտեղ եմ եղել, տեսել եմ, որ շատ ուժեղ բոց է եղել»,- ասաց նա և հավելեց, որ մյուս մեքենայի վարորդի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող։
Տեղի է ունենում «Զոդի կամրջի» վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել էին:
«ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:










