«Երևի թմրանյութերի կամ զենքի առևտրով է պետք զբաղվել մեր երկրում հիփոթեքային վարկերը մարելու համար». Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը խոսել է երկրում վարկավորման բարձր տոկոսների մասին և թմրանյութերի ու զենքի առևտուրն անվանել հիփոթեքային վարկերը մարելու միակ միջոցը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Գոնչարուկն օրինակ է բերել, որ շատ հաճախ երիտասարդ ամուսինները տեղափոխվում են քաղաք և աշխատանք են գտնում, բայց շատ փոքր աշխատավարձ են ստանում, որպեսզի երբևէ թույլ տան իրենց վարկի միջոցով բնակարան ձեռք բերել:
«Եթե խոսենք հիփոթեքային շուկայի մասին, ապա այսօր այն անհասանելի է, քանի որ շատ բարձր է (տոկոսը): Այսինքն` ես չգիտեմ, երևի թմրանյութերի կամ զենքի առևտրով է պետք զբաղվել, որպեսզի վճարես այդպիսի հիփոթեքը: Այսօր դա անհնարին է»,- հայտարարել է վարչապետն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով` այսօր Ուկրաինայի կառավարության առաջ խնդիր է դրված 2021 թվականին իջեցնել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները մեկ երրորդով: Այդպիսով իշխանությունները ցանկանում են հասնել ամենաշատը 10% տոկոսադրույքով վարկավորման: Գոնչարուկը նշել է, որ այդ պարագայում հնարավոր կլինի զարգանալ, «գումարը ներդնել իրական ճյուղերում»:
Այսօրվա դրությամբ Ուկրաինայում ֆիզիկական անձանց համար վարկերը տրվում են տարեկան միջինը շուրջ 35% տոկոսադրույքով, գործարարների համար` տարեկան 15-19%-ով: Տարվա սկզբին հիփոթեքային վարկերը տրվում էին տարեկան 18-25% տոկոսադրույքով:










