Դոնալդ և Մելանյա Թրամփները ժամանել են Հնդկաստան. նախագահական զույգին աշխարհի ամենամեծ մարզադաշտում 110 000 մարդ է ողջունել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ երկօրյա այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ նրան դիմավորել է վարչապետ Նարենդրա Մոդին: Այնուհետև ԱՄՆ նախագահական զույգին տարել են կրիկետի՝ աշխարհում ամենամեծ, 100 մլն դոլար արժողությամբ մարզադաշտ, որտեղ նրանց ողջունել է 110 000 մարդ, գրում է dailymail.co.uk-ը:
«Ամերիկան սիրում է Հնդկաստանը, Ամերիկան հարգում է Հնդկաստանին, և Ամերիկան միշտ էլ հավատարիմ ընկեր կմնա հնդիկ ժողովրդի համար»,-հայտարարել է Թրամփը, որը նախագահի պաշտոնում առաջին անգամ է այս երկիր այցելել:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ մեծ թվերի սիրահար Թրամփն իր շնորհակալական խոսքում շնորհակալություն է հայտնել մարզադաշտում հավաքված «125 000 մարդկանց»՝ չնայած, որ այնտեղ 110 000 մարդ է եղել:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ինքը, կինն ու ընտանիքի մյուս անդամները միշտ կհիշեն այս շքեղ ընդունելությունը: Հատկանշական է, որ ներկաներից շատերը կրել են «Նամաստե Թրամփ» գրությամբ շապիկներ:
ԱՄՆ ղեկավարը հույս է հայտնել, որ իրեն և վարչապետ Մոդիին կհաջողվի լուծել երկրների միջև առկա բոլոր տարաձայնությունները:
Նարենդրա Մոդին իր հերթին ասել է, որ ամերիկա-հնդկական բարեկամության մեջ «նոր պատմություն է կերտվում»:





















