Սորոսականները շարունակում են թիրախավորել իրավապահ համակարգը, փորձում են վարկաբեկել բանակը. «ՎԵՏՕ»

17:13 • 25.02.20

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն ամփոփել է «Բաց հասարակությունների հիմնադրամի»՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ վերջին 2 տարում նրանք կարողացել են Հայաստանում զավթել գործադիր ու օրենսդիր իշխանությունները:

Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ Հայաստանում արդեն իշխանական լծակների տիրապետող սորոսականները շարունակում են առաջ տանել և ՀՀ քաղաքացիներին պարտադրել օտարերկրյա օրակարգը։

«Գործի դնելով իշխանական լծակները, ստեր և կեղծիքներ տարածելով՝ խորացնում են իրենց իսկ սերմանած անվստահությունը դատական իշխանության նկատմամբ և բացահայտ պատերազմ հայտարարելով՝ փորձում վերջնականապես զավթել այն ևս»,-ասված է «ՎԵՏՕ»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սորոսականները շարունակում են թիրախավորել իրավապահ համակարգը՝ մասնավորապես՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, փորձում են վարկաբեկել նաև բանակը՝ թիրախավորելով սպայական կազմը:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ համակարգված ստոր և կեղտոտ քարոզ են իրականացնում՝ փորձելով սահմանափակել վերջինիս դերը և հավասարեցնել աղանդների հետ։ Զավթել են կրթական համակարգը և պարտադրում են հանել կրթական ծրագրերից «Հայոց լեզու», «Հայ գրականության», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաները, այսինքն՝ ըստ էության, հայագիտական առարակաները»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սորոսականները սեռական կրթության ներմուծման անվան տակ այլասերման և ԼԳԲՏ քարոզ են իրականացնում մանկահասակ երեխաների շրջանում՝ դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև հասարակությանն ավելի պառակտելու նպատակով կեղծ լուրեր են տարածում:

Որպես առաջացած ճգնաժամի լուծում՝  «ՎԵՏՕ» նախաձեռնությունն առաջարկում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր առողջ ու իրապես մտահոգ ուժերն ընդունեն, որ «Ջորջ Սորոսի վարձկանները զավթել են պետությունը» և դա ամրագրեն ԱԺ բանաձևի միջոցով, ինչպես նաև արգելել  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի գործունեությունը՝ որպես հանցավոր և հակապետական կազմակերպություն և քրեական պատասխանատվության ենթարկել պետության զավթման գործընթացին փողի ակնկալիքով մասնակցություն ունեցածներին: