Իմ նախնական տեղեկատվությամբ ժողովուրդը ակտիվ մասնակցելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. Տավուշի մարզպետ (տեսանյութ)

19:53 • 25.02.20

Վերջին շրջանի իրադարձությունները էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որ եղել էր նախկինում: Այս մասին այսօր նախքան Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպած դրամահավաքը լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել, անհանգստանալու ոչինչ չկա, մենք ունենք վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քարոզարշավին մասնակցություն ունենալուն, մարզպետն ասաց, որ գարնանը գյուղատնտեսական աշխատանքների սկիզբ է և ավելի շատ զբաղված կլինի պաշտոնական աշխատանքներով, բայց աշխատանքային ժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին կօգնի իշխող քաղաքական ուժին: Նա նաև հնարավոր համարեց արձակուրդ վերցնելը:

Մարզպետը կարևորեց քաղաքացիական ակտիվությունը: «Սա ինչ-որ չափով ինդիկատոր կլինի, թե ժողովուրդը որքանով է ակտիվ, բնականաբար, ամեն ինչ օրենքi շրջանակներում է իրականացվում: Իմ նախնական տեղեկատվությամբ ժողովուրդը ակտիվ մասնակցելու է»,-ասաց նա: