Ղազախստանում ձերբակալել են ապօրինի բողոքի ակցիաների ավելի քան 50 մասնակցի
Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է չթույլատրված բողոքի ակցիաների ավելի քան 50 մասնակցի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևին:
Փետրվարի 22-ին գործող իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ անցկացնելու կոչով հանդես էր եկել Ֆրանսիայում բնակվող, Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման ղեկավար Մուխտար Աբլյազովը:
Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը դիմել էր քաղաքացիներին` կոչ անելով չմասնակցել ապօրինի ակցիաներին:
«Որոշ քաղաքացիներ մեր երկրի քաղաքներում դուրս էին եկել չթույլատրված բողոքի ակցիաների, ոստիկանությունը բերման է ենթարկել 53 մարդու. 10-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, 43-ին ազատ են արձակել նրանց հետ կանխարգելիչ բնույթի զրույց անցկացնելուց հետո»,-լրագրողներին տեղեկացրել է Տուրգումբաևը:
Ներքին գործերի նախարարի տվյալներով՝ հիմնական բողոքի ակցիաները տեղի են ունեցել Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում:










