Samsung ընկերությունը կորոնավիրուսի հետևանքով դադարեցրել է աշխատանքը Հարավային Կորեայի քաղաքներից մեկում

23:40 • 25.02.20

Համաշխարհային Samsung ընկերությունը հարավկորեական Կումի քաղաքում կորոնավիրուսի հետևանքով դադարեցրել է արտադրությունը, հայտնում է Reuters գործակալությունը:

Ընկերության տնօրինությունը որոշում է կայացրել դադերեցնել գործարանի աշախատանքը այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել:

Նշվում է, որ տղամարդու մոտ ախտանշաններն ի հայտ են եկել շաբաթ օրը: Վերջինիս իր գործընկերների հետ միասին ուղարկել են կարանտինային գոտի:

Հարավկորեական Կումի քաղաքի այս գործարանում արտադրվում են նոր ճկուն Galaxy Z Flip և Galaxy Fold սմարթֆոննեը: Փորձագետների կողմից ոչ միանշանակ կարծիքների արժանացած Ճկուն սմարթֆոնը հանրության դատին է ներկայացվել 2020 թվականի փետրվար ամսին:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:

Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից 20-ը` մահվան ելքով: Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև` չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:

Երկուշաբթի օրը վարակման առաջին դեպքեր են գրանցվել նաև Աֆղանստանում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում, որտեղ վարակակիրները ժամանել են Իրանից: