Պաղեստինում իսրայելցի զինվորների հետ բախումների հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել
Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 50 պաղեստինցի վնասվածքներ և վիրավորումներ են ստացել իսրայելցի զինվորականների հետ բախման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Կարմիր մահիկի ներկայացուցիչ Էրաբ ալ-Ֆուկախային:
«Տուբաս քաղաքում իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետևանքով 56 պաղեստինցի վիրավորում է ստացել: Տուժածների մի մասը վիրավորվել է ռետինե փամփուշտներից, մյուս մասը արցունքաբեր գազ է շնչել»,-հայտարարել է ալ-Ֆուկախան:
Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների և իսրայելցիների բախումները սկսել են պարբերական բնույթ կրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մերձավորարևելյան կարգավորման «դարի գործարքի» ներկայացումից հետո:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:










