Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին
Նախկինում քաղաքական իշխանության գործընկերները հայտարարում էին, որ ամբողջ դատական իշխանությունը կոռումպացված է, այսօր նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից լսում եմ, որ մեր դատական իշխանությունը մեծամասնությամբ լավն է, և կան որոշ դատավորներ, որոնք պղտորում են ջուրը: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Ես այստեղից երկու հետևություն ունեմ. կա՛մ մեր քաղաքական գործընկերները նախկինում անպատասխանատու հայտարարություններ էին անում և սևացնում էին բարեխիղճ դատավորներին, կա՛մ մեր քաղաքական իշխանության գործընկերներն արդեն ունեն հավատարմության երդում դատական իշխանության դատավորների մեծամասնությունից, երկու դեպքում էլ անընդունելի է և սա արդեն անպատասխանատու վերաբերմունք է»,- ասաց նա:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ երբ վեց ամիս առաջ վեթինգի մասին էր խոսվում, իրենք մշակել էին առաջարկներ և ներկայացրել, իսկ այսօր քաղաքական իշխանությունը որոշել է, որ կոսմետիկ փոփոխությունների միջոցով, բարեվարքության որոշ կանոններ փոփոխելու միջոցով կարող են փոփոխությունների հասնել:
«Բայց այն նախագիծը, որը դուք ներկայացրել եք, ոչ թե նպաստում է, որ մենք ունենանք անկախ դատավոր, այլ նպաստում է նրան, որ մենք ունենանք վախեցած դատավոր, բայց ոչ թե օրենքի խստությունից, այլ կոնկրետ անձանցից վախեցած, կաշկանդված դատավոր: Սա որևէ ձևով չի նպաստելու անկախ դատական իշխանություն ունենալու մեր ցանկությանը, քանի որ երբ դուք կարգապահական պատասխանատվության համար հիմքեր եք սահմանում և այդ հիմքերը հարուստ են իրավական անորոշությամբ, դա նշանակում է, որ դուք չեք բացառում կամայական որոշումների հնարավորությունը: Սա մտահոգիչ է, քանի որ այս տարբերակում մենք անկախ դատավոր չենք ունենալու, մենք ունենալու ենք էլի հրահանգ կատարող դատավոր, սա անկախ դատավորի ինստիտուտ չէ»,-ասաց նա:










