Կորոնավիրուսից մահացության ցուցանիշները մեծանում են Իրանում, Հարավային Կորեայում և Իտալիայում. վիրուսի առաջին դեպքն է գրանցվել Խորվաթիայում 

20:01 • 25.02.20

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի, նրանցից 7-ը մահացել են: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

Հիվանդացության դեպքերի մեծամասնությունը (212) գրանցվել է Մոբարդիա մարզում, 38 դեպք արձանագրվել է Վենետոյում, 23-ը՝ Էմիլիա Ռոմանիայում, 3-ական Պյեդմոնտում և Լացիոյում, 2-ը՝ Տոսկանայում և մեկը՝ Սիցիլայում:

Կորոնավիրուսով հիվանդացածների թիվն ավելանում է նաև Իրանում, որտեղ հաստատվել է 34 նոր դեպք: Մահացել է 15 մարդ: Ընդհանուր վարակակիրների թիվը վերջին տվյալներով կազմում է 95:

Հարավային Կորեայում վիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի, վարակվածներինը՝ 1000-ի:

Կորանվիրուսով վարակվածների առաջին դեպքի մասին է հայտնել նաև Խորվաթիան: Երիտասարդ խորվաթը գտնվում է կարանտինի մեջ Զագրեբի հիվանդանոցում: Հայտնի է, որ նա վերջերս Իտալիայում է եղել:

Հաղորդվում է, որ Իրաքն արգելել է 7 երկրի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Մուտքը երկիր արգելվում է Չինաստանի, Իրանի, Թաիլանդի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Իտալիայի և Սինգապուրի քաղաքացիներին: