Չեմ բացառում, որ 1991-ին գաղափարը ես տված լինեմ․ «Երեկոյան Երևանի» խմբագիրը «Այո»-ի լոգոյի հավանական 3 հեղինակի անուն է նշում
Ես չեմ հիշում՝ ով է նկարի հեղինակը, գրադարանում նայեցի «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարը, նույն տառատեսակն է օգտագործված, ինչ մեզ մոտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երեկոյան Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը:
Հիշեցնենք, որ հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոն, որը նման է 1991-ի անկախության հանրաքվեի ժամանակ հրապարակված լոգոներից մեկին։
«Հնարավոր է, որ Ցոլակ Ղանդիլյանը լինի հեղինակը, որովհետև նա մեզ հետ աշխատել է որպես նկարիչ»,- ասաց Ենգիբարյանը:
Դիտարկմանը՝ տեղեկություն տարածվեց, թե հենց Ենգիբարյանն է հեղինակը, նա ասաց. «Ես նկարչությունից շատ հեռու էի, հեղինակը լինել ես չէի կարող, բայց չեմ բացառում, որ գաղափարը ես տված լինեմ»:
«Տառատեսակը միանշանակ մեր նկարից է վերցրած: Դա մեր համարի նկարն է, լոգո պատրաստողը ակնհայտ է, որ օգտվել է տառատեսակից, որովհետև նույն տառատեսակն է, բայց մյուս ատրիբուտները՝ զանգը, շղթան չկան»,- ասաց նա:
Բացի նկարիչ Ցոլակ Ղանդիլյանից, Ենգիբարյանը կասկածում է ևս երկու հոգու, որոնք կարող էին լինել լուսանկարի հեղինակները: «Կասկածում եմ նաև Նիկոլայ Մանուկյանին և Ստյոպա Նարոյանին, նրանք այդ տարիներին մեզ մոտ էին աշխատում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ապրիլի 5-ի Սահմանդրական փոփոխությունների «Այո»-ի լոգոն պատրաստողը, փաստորեն, օգտվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի նկարի տառատեսակից, սակայն դրա համար ստացել է 3 մլն դրամ, նա ասաց, որ դա խայտառակություն է: «Որ մեր տառատեսակն է վերցրել, պարզ է, որ նրա ձեռքի տակ դա եղել է, բայց որ նոր բան չստեղծելով՝ այդքան գումար է ստացել, խայտառակություն է»,- ընդգծեց նա:










