ՁԻԱՀ կենտրոնի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող տնօրենն ազատվել է աշխատանքից, աշխատակազմը որոշման հետ համաձայն չէ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ էջում Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ։
«Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի.
«1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ ❌ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:». այն է՝ «7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)»,-ասված է ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության տեքստում:
Նշվում է, որ քիչ առաջ Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչն աշխատակազմը դիտարկում է որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցնելու փորձ, ինչն անընդունելի է:
«Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհաամաձայնությունը Կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ»,-ասված է հայտարարության տեքստում:










