Այն 3 միլիոն դրամը, որը նախատեսված էր առաջին տեղի համար, պետք է բաշխենք երեք անձի՝ Նիկոլայ Ենգիբարյանի, Ցոլակ Ղանդիլյանի և Ստյոպա Նարոյանի միջև. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Քննարկումներից հետո մենք եզրակացրեցինք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի քարոզարշավի համար առաջին տեղը զբաղեցրած տարբերանշանը առաջիկա մեկ ամսվա ընթացքում շարունակելու է ուղեկցել մեզ:
Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Այո»-ի քարոզարշավի համար ընտրված տարբերանշանին, և դրա շուրջ ստեղծված զրույցներին:
Նշենք, որ հրապարակված Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոն նման է 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ «Երեկոյան Երևան» թերթում հրապարակված լոգոներից մեկին, որը տարբեր զրույցների առիթ էր դարձել:
«Քանի որ 1991թ. «Երեկոյան Երևան» թերթում հրապարակված հոդվածներից մեկի նկարը շատ նման է այս տարբերանշանին, մենք հանդիպել ենք նկարի հեղինակներից մեկի կամ տվյալ թերթի նկարիչներից մեկի հետ, մեր աշխատակիցներն այսօր մի քանի ուղղություններով փորձել են գտնել ակունքները, և մենք ծանոթացել ենք թերթի նկարիչներից մեկի` Ցոլակ Ղանդիլյանի հետ, որը մանրամասն մեզ ներկայացրել է, թե ինչպես է իրականացվել այդ հոդվածի հրապարակումը և թերթի նկարազարդումը»,– ասաց «Այո»-ի շտաբի պետը:
«Իրականում, երբ լսեցինք տարբերանշանների նմանության լուրի մասին, ինքս բավական վատ անակնկալի եկա, բայց օրվա ընթացքում, իրադարձությունների բերումով, հաճելիորեն ուրախ և զարմացած եմ, որ մենք ճակատագրի բերումով կամ ենթագիտակցորեն ընտրել ենք մի բրենդ, որը 1991թ. մեր պետականության համար կարևոր փուլում այս գեղեցիկ պատկերն ունեցող նկարազարդումն է եղել։ Մենք հիմա երրորդ հանրապետության մի նոր կարևոր փուլում ենք, որտեղ մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների լուծման նոր շրջափուլ ենք թևակոխում»,– նշեց նա:
Պապիկյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է վարվեն տարբերանշանի համար նախատեսված 3 մլն դրամի հետ: Նրա խոսքով՝ պարզվել է, որ նկարի հեղինակները Նիկոլայ Ենգիբարյանն ու Ստյոպա Նարոյանն են եղել, սակայն Նարոյանն արդեն մահացել է, և հիմա աշխատանքներ են տարվում նրա ժառանգներին գտնելու ուղղությամբ:
«Մենք եկել ենք այն որոշմանը, որ այն երեք միլիոն դրամը, որը նախատեսված էր առաջին տեղի համար, պետք է բաշխենք երեք անձի միջև, առաջինը` թերթի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, երկրորդը` Ցոլակ Ղանդիլյանին, որն «Այո»-ի մեկ այլ տարբերակի հեղինակն է, և երրորդը` Ստյոպա Նարոյանին։ Քանի որ նա արդեն մեզ հետ չէ, գումարը կփոխանցենք նրա ժառանգներին»,– ամփոփեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում










