«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի խնդրի վերաբերյալ գրություն է ուղարկվել ԱԺ, այն առաջիկայում կքննարկենք. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» փոխտնօրեն Հակոբյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության Ավանի և Նոր Նորքի բաժին, որտեղ քիչ անց ժամանեց նաև Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Tert.am-ի հարցին, թե ինչու է եկել ոստիկանության բաժնին՝ Նարեկ Զեյնալյանն ասաց. «Տեղեկացա, որ կենտրոնի փոխտնօրենին հրավիրել են ոստիկանության բաժին և այնտեղ ստեղծվել է լարված իրավիճակ, նաև տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Որքան հասցրեցի ծանոթանալ, նոր տնօրենին կնիքի հանձնում-ընդունումը պետք է տեղի ունենա նիստով՝ ոչ թե մեխանիկորեն։ Այս անախորժ իրավիճակի արդյունքում կնիքը չի փոխանցվել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին, որն էլ հաղորդում է տվել ոստիկանություն և փոխտնօրենին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու»։
Նրա խոսքով՝ դրանից հետո եկել է իրավիճակին ծանոթանալու։ Tert.am-ի դիտարկմանը, թե աշխատակիցները նշում են, որ փոխտնօրենին բերման ենթարկելն իրենց լռեցնելու փորձ է և բացի այդ դժգոհություն ունեն, որ տնօրենին ազատել են պաշտոնից, որպեսզի կենտրոնը միացնեն են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին՝ Զեյնալյանն ասաց, որ այդ երկուսը պետք չէ իրար խառնել։
«Եղել է տնօրենի պաշտոնակատարի հաղորդումը, որի հիման վրա էլ փոխտնօրենին հրավիրել են ոստիկանություն: Պարտավոր էին ոստիկանները հրավիրել նրան։ Կենտրոնի հետ կապված, այդ հարցն առաջիկայում ԱԺ-ում կքննարկվի»,-ասաց Զեյնալյանը նշելով, որ ԱԺ-ն դժգոհությունների հետ կապված արդեն գրություն է ստացել։
Մանրամասները' տեսանյութում։










