ԱՆ-ի այն հայտարարությունը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենը աշխատանքից հեռացվել է իր պարտականություններն անպատշաճ կատարելու համար, ծիծաղ է առաջացնում․ կենտրոնի աշխատակից
Այսօր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:
Կենտրոնի աշխատակազմը որոշման հետ համաձայն չէ, ինչի համար լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել։ Կենտրոնի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անընդունելի է նաև Առողջապահության նախարարի այն որոշումը, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։
Նրա խոսքով՝ կենտրոնն իր ճիշտ դիրքում է և փոփոխությունների կարիք չունի, քանի որ փոփոխությունների դեպքում հիմքը կարող է քանդվել․
«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ շղթա են ուզում փոփոխել, ինչ կերպ են ուզում փոխել։ Մենք ասում ենք՝ լավ համակարգ ունենք, որը լավ է աշխատում, եթե դուք փոփոխություն եք անում, այնպես պետք է անեք, որ սրանից լավ աշխատի»։
Բուժօգնության բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը նշեց, որ երբեք տնօրենի դեմ անձնավորված պայքար չեն վարել։ «Մեր բոլոր կարծիքները, բացառապես, վերաբերել են մասնագիտական ոլորտին, համակարգային խնդրին։ Կարելի է ասել՝ կենտրոնի տնօրենն է այս համակարգի հիմնադիրը։ Նախարարության կողմից այն հայտարարությունը, որ տնօրենը աշխատանքից հեռացվել է իր պարտականություններն անպատշաճ կատարելու համար, մեզ մոտ ծիծաղ է առաջացնում»,- ասաց նա։
Հարցին՝ քանի որ նշում են, թե տնօրենին աշխատանքից հեռացրել են օրենքի խախտմամբ, արդյո՞ք դատարան դիմելու խնդիր կլինի, Ասմարյանը պատասխանեց՝ տեղյակ չէ։
Աշխատակիցներից մեկը նշեց, որ ստեղծված իրավիճակից իրենց աշխատանքը չի տուժելու և լիարժեք կատարելու են իրենց պարտականությունները․ «Բայց մյուս կողմից՝ մենք մեր դիրքորոշումները հստակ ձևակերպել ենք։ Մենք պնդելու ենք, որ պետք է մասնագիտական քննարկումներ իրականացվեն, որից հետո որոշումները պետք է դառնան վերջնական»,- ասաց նա՝ նկատի ունենալով և՛ տնօրենի աշխատանքից հեռացման, և՛ կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին» միավորելու հարցերը։










