Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 2459 դեպք, կա 34 մահ. ԱՄՆ-ն հայտնել է վարակի դեմ պատվաստանյութի պատրաստման ժամկետը

02:30 • 26.02.20

 

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՀԿ-ի տվյալներին:

Այսպես, աշխարհում Չինաստանի սահմաններից դուրս 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակման հաստատված 390 դեպք:

Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 34, որից 11-ը գրանցվել է վերջին 1 օրում:

ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտնել է COVID-2019-ի դեմ պատվաստանյութի պատրաստման հնարավոր ժամկետը:

«Ես կանխատեսում եմ, որ մենք կարող ենք մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկել 1.5 ամսից»,- ասել է Ֆաուչին:

Ընդ որում, պատվաստանյութի՝ լայնամասշտաբ օգտագործման համար, նրա խոսքով, կպահանջվի մոտ կես տարի: